09/07/2010 16:49
Ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել...
«Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,-մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Ալմաթիում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից և Քելբաջարից զորքերի դուրս բերումը, նման պատասխան է տվել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շ. Քոչարյանը:
Նշենք, որ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկվելու է Քելբաջարի ու Լաչինի վերադարձը, նաև ասել է, որ իբր հինգ տարածքների վերադարձի հարցը արդեն որոշված է ու քննարկման առարկա չի կարող լինել: