10/07/2010 11:38
Կրկնակի ահաբեկչություն Պակիստանում. զոհերի թիվը հասնում է 102-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում նախօրեին տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն` հասում է 102-ի: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, բացի այդ` ևս 115 մարդ վիրավորվել է:
Նախօրեին առավոտյան ահաբեկիչ-մահապարտը մոտոցիկլով մոտեցել է Յակա-Գանդ բնակեցված կենտրոնի վարչական շենքին, որտեղ իրականացրել է պայթյունը: Ավելի ուշ մասնագետները հանգել են եզրակացության, որ տեղի է ուեցել երկու պայթյուն` մի քանի վայրկյան տարբերությամբ, և երկրորդ պայթյունն իրականացրել է մեկ ուրիշ մահապարտ:
Պայթյունը ոչնչացրել է վարչական շենքը, մի քանի տասնյակ խանութներ, մոտակա շուկայի վրանները և բերդի պատերը, որտեղից, օգտվելով առիթից, փախուստի են դիմել 28 հանցագործներ: Որոնողական աշխատանքները պայթյունի վայրում շարունակվում են, փրկարարները ապամոնտաժում են ավերակները:
Նշենք, որ մինչ այժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: