10/07/2010 14:01
Ր. Հովհաննիսյանը խոսեց թերություններից ու սխալներից
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության 6-րդ համագումարին իր ելույթի ընթացքում նահանջ արձանագրեց կուսակցության չափանիշներից: Ըստ նրա` կուսակցությունը նահանջել է բոլոր այն չափանիշներից, որոնք առաջադրված են եղել կուսակցության ձևավորման ժամանակ:
«Երկուսուկես տարիների ընթացքում «Ժառանգությունը» ոչ թե փաստացի գործող կուսակցություն եղավ, այլ` զուտ իրավաբանորեն»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանն ու նշեց, որ վերջին համագումարից հետո բազմաթիվ թերություններ ու խախտումներ են եղել կուսակցության գործելավոճի մեջ, որոնց մի մասը եղել է սադրանքի հետևանք, մյուս մասը` ներքին պառակտման արդյունք:
Մասնավորապես, կուսակցության առաջնորդը հիշեցրեց, որ կուսակցությունում «կային մարդիկ, ովքեր ժամանակին հայտարարում էին, որ կուսակցությունը պետք է դուրս գա ԱԺ-ից, սակայն նրանցից շատերը, դուրս գալով կուսակցությունից, դեռևս վայր չեն դրել իրենց մանդատները»:
Անդրադառնալով կուսակցության վարչության կողմից տեղի ունեցած «շատ կոպիտ խախտումներին և սխալներին»` Ր. Հովհաննիսյանը կոչ արեց «Ժառանգության» այն անդամներին, որոնք ժամանակին հեռացվել են կուսակցությունից, և գտնում են, որ անարդար են հեռացվել, վերադառնալ կուսակցություն:
«Եթե «Ժառանգություն»-ից դուրս գալը եղել է սխալի ու անարդարության հիման վրա, ապա նոր վարչությունը պետք է վերականգնի նրանց անդամակցությունը»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը: