10/07/2010 14:41
Ր. Հովհաննիսյան. «Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի»
«Ադրբեջանական ռազմաշունչ հռետորականության պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, ավելին` պատրաստ լինենք այն կանխելուն»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի համար ամենակարևորը Արցախի Հանրապետության ճանաչման հարցի բարձրացումն է: Ըստ նրա` «Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը` նրա Սահմանադրությամբ ամրագրված սահմաններով, և մշակի նոր դիվանագիտություն, որպեսզի վերջ տա նաև Ադրբեջանի կողմից այլ հայկական տարածքների օկուպացիային»:
Կուսակցության առաջնորդը շեշտեց, որ Ադրբեջանը պետք է վերջ տա նաև իր մշակութային ցեղասպանությանը և Հայաստանի արտգործնախարարությանը հորդորեց «բարձրաձայնել խնդրի մասին ու շարունակել պայքարը` Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում իրականացված մշակութայն ոճիրի դեմ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ստանձնել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի պատվավոր նախագահությունը»:
Արցախի հիմնահարցի կարգավորման մասին խոսելիս` Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ արցախահայությունն իրավունք ուներ Խորհրդային Միության փլուզումից հետո ազատ ու ինքնիշխան պետություն հիմնադրել, և չկա այլընտրանք` Արդբեջանի ու Արցախի Հանրապետության` որպես առանձին պետությունների համագոյակցությանը: