10/07/2010 09:08
Վարդավառից մեկ օր առաջ...
Վաղը Հայաստանում նշում են Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը: Ըստ օդերևութաբանների այդ օրն, ի դեպ, լինելու է հուլիս ամսվա ամենաշոգ օրը:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8):
Ինչպես տեղեկանում ենք Արարատյան թեմի տեղեկատվական համակարգից, Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Իսկ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հին տապանակի և նոր Սբ.Եկեղեցու տոնը:
Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը:
Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: