12/07/2010 14:36
Փորձագետ. «Գազատարի գնորդը պետք է քաղաքական շահ չունենա»
«Եթե Վրաստանը Հայաստան մտնող գազամուղը վաճառի թուրքական կամ ադրբեջանական ընկերության, ապա Հայաստանը անհրաժեշտության դեպքում պետք է Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսի»,- լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փորձագետ Վահե Սարգսյանը։
«Հայաստանի համար շատ կարևոր է, թե ով կլինի ռազմավարական նշանակության այս օբյեկտի գնորդը։ Չի կարելի շատ անհանգստանալ, քանի որ նոր գնորդը կարող է ավելի լավ գործընկեր լինել, քան Վրաստանը»,- նշեց փորձագետը, հիշեցնելով, որ միայն 90-ականներին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղը այդ երկրի անուշադրության պատճառով պայթեցվել է 35 անգամ։
Միայն եթե թուրքական և ադրբեջանական ընկերությունները հայտ ներկայացնեն, ըստ Վ.Սարգսյանի, Հայաստանը պետք է պայքարի դրա դեմ և միջազգային ատյաններում բարձրացնի հարցը։
«Ադրբեջանին վաճառել գազատարը նշանակում է Հայաստանի շնչափողը կապել մի թելով, որի ծայրերը գտնվում են Ադրբեջանում։ Ցանկացած պահի այդ երկիրը կարող է շնչահեղձ անել Հայաստանը»,- ընդգծեց փորձագետը։ Նա կարևոր է համարում, որ գազատարի գնորդն ունենա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական դրդապատճառներ։