13/07/2010 16:32
Ադրբեջանում ջրհեղեղի զոհերը շրջափակման մեջ են պահվում
Քուռ և Արաքս գետերի վարարումների արդյունքում հեղեղումներից տուժած Սաբիրաբադի մի քանի գյուղերի 1323 բնակիչ տեղավորվել է Շիրվան քաղաքում կառուցված վրանային ավանում: Այդ գյուղերի 418 բնակիչ էլ ժամանակավոր բնակություն է հաստատել քաղաքի մի քանի դպրոցներում:
«Բիզիզմ յոլ»-ին հասած տեղեկություններով, վրանային ավանը պաշտպանվում է ոստիկանության կողմից: Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները շրջափակել են ավանի չորս կողմը և ոչ մեկի չեն թողնում մտնել այնտեղ, այդ թվում նաև` լրագրողներին:
Խնդրի վերաբերյալ թերթի հարցմանն ի պատասխան` Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Էհսան Զահիդովը հայտնել է, որ ոստիկանությունը պահպանում է ավանում բնակվող մարդկանց հանգստությունը: «Այնտեղ բնական աղետից վնաս կրած մարդիկ են բնակվում, որոնց հանգստությունը պետք է պահպանել: Եթե տեղից ելածը թուղթ ու գրիչ վերցրած անհանգստացնի նրանց, ասեկոսներ տարածի, լավ չի լինի: Այդ պատճառով էլ այնտեղ հասարակական կարգ ու կանոնի և անվտանգության համար պատասխանատու է ոստիկանությունը, որն էլ կատարում է իր պարտականությունը»,- ասել է նա: