13/07/2010 12:33
Եղանակային պայմանները, գյուղմթերքը և գները
Այս տարի եղանակային պայմաններն այնքան էլ բարենապաստ չէին հայրենի գյուղարտադրողի համար. գարնանային ցրտահարությունները, կարկուտը, անձրևները, այժմ էլ շոգը ունեցել են իրենց ազդեցությունը պտղաբուծության և բանջարաբուծության վրա:
Այսօր լրագրողներին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, խոսելով բնության վնասաների շուրջ, փաստեց, որ այս տարի ծիրանի բերքը 25-30 հազար տոննայի կարգի է, իսկ անցյալ տարի ստացվել է 85 հազար տոննա ծիրանի բերք:
Ինչ վերաբերում է գյուղացիներին վնասի փոխհատուցմանը, ապա գյուղատնտեսության նախարարը շեշտեց, որ Հայաստանում ներդրված չէ գյուղատնետսության ապահովագրության համակարգ, սակայն որոշակի օգնություն կլինի, օրինակ` սերմացուի տեսքով:
Գերասիմ Ալավերդյանը խոսեց նաև բանջարանոցային որոշ տեսակների շրջանում տարածված հիվանդությունների շուրջ և նշեց, որ տևական անձրևենրից հետո նկատվում է լոլիկի քաղցկեղ, ցորենի դեղին ժանգ և այլ հիվանդություններ:
«Տարածքներ կան, որտեղ լոլիկը երեք անգամ սածիլ է դրվել»,- փաստեց նախարարը և հավելեց, որ թունաքիմաիկտներ կան և գյուղացիները պայքարում են հիվանդությունների դեմ:
Գերասիմ Ալավերդյանը խոսեց նաև բանջարաբոստանային կուլտուրաների թանկ գներից և նշեց, որ այժմ շուկայում է ջերմոցային եղանակով ստացված գյուղմթերքը, իսկ շուտով բացօթյա եղանակով ստացված բերքը կլինի, և գյուղմթերքենրի շուկայում բարձր գները կնվազեն: