14/07/2010 17:41
«Երևանյան շուկան առաջարկում է բնակարաններ` հարուստների համար»
2010-ի առաջին հինգ ամսվա ընթացքում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի շինարարության և շինարարական աշխատանքների աճը ավելացել է 112 տոկոսով: Մայիսին` ապրիլի համեմատ, շինարարական աշխատանքների ծավալն աճել է 8.8 տոկոսով: Հրավիրված մամլո ասուլիսում նման տեղեկություն հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության շինարարության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանը:
Շինարարական աշխատանքների մեծ մասը` 44.2 տոկոս, ըստ Պետրոսյանի, ֆինանսավորվում է մասնավոր կազմակերպությունների կողմից, 12 տոկոս` պետական բյուջեի, 0.2 տոկոս` համայնքների միջոցների, 26.5 տոկոս` միջազգային վարկերի շնորհիվ:
Ճգնաժամային շրջանում շինարարության ոլորտում գրանցվել է 40 տոկոս անկում:
Ասուլիսին ներկա անկախ փորձագետ Սամվել Ավագյանն իր հերթին նշեց, որ Երևանը հանրապետության միակ քաղաքն է, որտեղ տեղի է ունենում քաղաքի ընդարձակում, «սա բացասական երևույթ է, և եթե Երևանը շարունակի նման տեմպով ընդարձակվել, ապա շատ շուտով ստիպված կլինի օգտագործել գյուղատնտեսական նշանակության հողեր, ինչն այդքան նպաստավոր չէ»:
Փորձագետը նկատել է ևս մեկ բացասական երևույթ Երևանում ընթացող շինարարությունում. «Առաջնահերթությունը տրվում է էլիտար շինարարությանը, սակայն պետք է նկատել, որ միջին խավն այլ որակի կառույցների նկատմամբ է պահանջարկ ներկայացնում»,- ասաց Ավագյանը` հավելելով, որ շուկան այսօր առաջրկում է բնակարաններ` միայն հարուստների համար: