16/07/2010 11:02
Սահակաշվիլին ցիտում է Պուշկինին, Լերմոնտովին, Բրոդսկուն, Եսենին..
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հույս ունի, որ Բելառուսը «իմաստուն» կգտնվի և չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին Վրաստանի նախագահն ասել է նախօրեին` բելառուսական հեռուստատեսության եթերում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Սահակաշվիլին միևնույն ժամանակ նշել է, որ «Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցում շարունակում է ճնշում գործադրել Բելառուսի վրա»: Նա հայտարարել է, թե չի հասկանում Ռուսաստանի կողմից առաջ քաշվող պահանջները:
«Դժվար է հասկանալ, թե նրանք ինչ են ուզում: Մենք միշտ ցանկացել ենք ընդառաջ գնալ, բայց միշտ, երբ զիջել ենք, նրանք ավելինն են պահանջել», - ասել է Վրաստանի նախագահը` ի նկատի ունենանալով Ռուսաստանին:
Սահակաշվիլու կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև լարված հարաբերությունները բացասական են ազդում Վրաստանում ռուսական մշակույթի առկայության վրա:
«Ես միշտ ասել եմ, որ վերջին, միգուցե, նախավերջին Վրաստանի նախագահն եմ, ով կարող է ցիտել Պուշկինին, Լերմոնտովին, Բրոդսկուն, Եսենին… Կփոխվի մեկ սերունդ, և նոր սերունդն արդեն չի հասկանա, թե ինչ է Ռուսաստանը և որտեղ է գտնվում», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին` նշելով, որ իր որդուն ստիպում է ռուսերեն սովորել, իսկ նա չի հասկանում, թե ինչին է դա պետք: