20/07/2010 11:00
Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին կայցելի Հայաստան
Ժնևում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ, որի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարևորվեց 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու խորհրդարաններում բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:
ԱԺ նախագահի խոսքերով, երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում: Երկու բարեկամ երկրների միջև միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում համագործակցությունը և երկուստեք նշեցին, որ տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված և շրջահայաց մոտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին: Երկու խորհրդարանների նախագահները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Աբրահամյանի մյուս հանդիպումը ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրի հետ էր, որի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նվաճումներին: Այս առումով նա բարձր է գնահատել ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Նա գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում և կարևորել առևտրատնտեսական համագործակցության ձեռքբերումները:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը զիջում է առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակին և առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները:
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահը նույնպես անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` նշելով, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Պարոն Աբդուլ Ազիզ Ալ Ղուրեյրը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ և բազմակողմ գործակցությունը, փոխայցելությունները: ԱԺ նախագահը անհրաժեշտէ համարել նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: Մոնակոյի խորհրդարանի նախագահը նույնպես կարևորել է գործակցությունը միջազգային կազմակերպություններում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և շեշտեց, որ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձևաչափ մեր երկրի համար ընդունելի չէ: