21/07/2010 17:46
Բողոքի ցույց` Ադրբեջանի նախագահականի առաջ
Սաբիրաբադում Քուռ գետի վարարման հետևանքով Սարըսու լճի ճեղքվելու արդյունքում Սաբիրաբադի և Սաաթլըի 7 գյուղերի` տները փլուզված 100-ից ավելի բնակիչներ, ովքեր մինչ այժմ հարկադրված բնակվում են Սաբիրաբադի դպրոցներում և վրանային ավաններում, երեկ բողոքի ցույց են կազմակերպել Բաքվում Ադրբեջանի նախագահական շենքի առաջ: Այդ մասին հայտնում է «Ազադլըգը»:
Աղետի զոհերը ցանկանում են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի անձամբ նրան հասցնեն կառավարության անդամների` աղետյալների նկատմամբ ցուցաբերած անտարբերության, անօրինականությունների, կեղծ խոստումներիի և աղետի գոտու վերականգնման վերաբերյալ հանրապետության ղեկավարի հրահանգները չկատարելու մասին իրենց բողոքը:
Բողոքավորների ներկայացուցիչներից կազմված 6 հոգանոց խմբին ընդունել է նախագահի աշխատակազմի ցածրաստիճան շարքային մի պաշտոնյա, ում խոսքերն ավելի են զայրացրել մարդկանց:
Հեղեղումներից տուժած բնակիչները բողոքում են, որ կառավարության սահմանած 200-300 մանաթ փոխհատուցման չափը ստորացուցիչ է, և դրանով անհնարին է վերականգնել տնտեսությունն ու կորցրած ունեցվածքը: 4 ժ տևած բողոքի ակցիայից հետո բողոքավորները հեռացել են` ասելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, կհավաքեն ընտանիքներին և կքնեն նախագահականի առաջ: