21/07/2010 12:16
Հարավային Ամերիկայում ցրտից 175 մարդ է մահացել
Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում առնվազն 175 մարդ է մահացել անբնական ցրտի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է DPA գործակալությունը:
Առավել բարդ իրավիճակ է Պերուի հարավում, որտեղ ջերմաստիճանը Անդի բարձրադիր գոտիներում իջել է միչև 23 աստիճան ցուրտ: Այս երկրում մեկ շաբաթվա ընթացքում ցրտահարությունից և մրսածությունից մահացել է 112 մարդ:
Արգենտինայում ցրտի հետևանքով գրանցվել է 16 մահվան դեպք, 11 հոգի թունավորել է գազից` փորձելով տաքանալ անսարք վառարանների միջոցով: Նշենք նաև, որ 18 մարդ ցրտից մահացել է Բոլիվիայում, 9 մարդ` Բրազիլիայի հարավային շրջաններում:
Բոլիվիայի և Պերուի դպրոցները փակ են մինչև շաբաթվա վերջ: Խոշոր քաղաքներում ստեղծվել են ապաստարաններ` անօթևանների համար: Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ամենից շատ կտուժեն սոցիալապես անապահով մարդիկ, քանի որ նրանք ապրում են չջեռուցվող տներում և հաճախ չեն կարողանում օգտվել որակյալ մասնագիտական բժշկական օգնությունից: