21/07/2010 18:05
Բաքուն թուրքական բանկին չի թողնում մտնել Ադրբեջան
Թուրքիայի բանկերի միության ղեկավար և «Ish Bank»-ի գլխավոր տնօրեն Էրսին Օզինջեն թուրքական «Haberturk» գործակալությանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունը թույլ չի տալիս իրենց մասնաճյուղեր բացել այդ երկրում:
Ըստ «Ազադլըգ»-ի, Օզինջեն հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ դիմադրում է Բաքվում «Ish Bank»-ի մասնաճյուղը բացելու իրենց ջանքերին: «Մենք Ադրբեջանի կենտրոնական բանկին, Ադրբեջանի պետությանը հայտնել ենք Բաքվում մեր բանկի մասնաճյուղը բացելու մտադրության մասին և ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Մեր մասնաճյուղը նշանակալիորեն կխթանի Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերություններին: Դա բազմիցս ներկայացրել ենք ադրբեջանական կողմին, սակայն` ապարդյուն: Մենք ծրագրում ենք` բացի Բաքվից, բանկի մասնաճյուղ բացել նաև Նախիջևանում: Մենք այնտեղ ենք ուզում գնալ ոչ միայն մեր շահի, այլև Ադրբեջանի օգտին գործունեություն ծավավելու համար»,- ասել է Օզինջեն:
«Ish Bank»-ի տնօրենն ակնարկել է, որ Բաքվում բանկի մասնաճյուղ բացելուն հնարավորություն չտալը կապված է որոշ քաղաքական հարցերի կապակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված սառը հարաբերությունների հետ: «Բաքվում անցկացրած մեր հանդիպումներում մեզ ասել են` պատրաստ եղեք, որ գործն ուշանալու է»,- ընդգծել է թուրք բանկիրը: