21/07/2010 15:15
Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ «արքան մերկ է»
Այսօրն ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանասավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ Ալմաթիում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ըստ բանախոսի` հանդիպումն ամփոփեց շուրջ 2 տարի ընթացող բանակցային գործընթացի հերթական փուլը` հստակեցնելով լ`Աքվիլեում և Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունների հիման վրա Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Սոչիում և Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կողմերին արված առաջարկությունները:
Պատգամավորը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ նորից հստակեցվել են հակամարտության կողմերը: Ըստ բանախոսի` դա պայմանավորված է նաև Բաքվի ոչ կառուցողական պահվածքով:
«Հայտարարության մեջ նշվում են հայկական և ադրբեջանական կողմերը, ինչը հղում է, որ առաջիկայում ադրբեջանական այդ պահվածքի պատճառով բանակցություններին կարող է վերադառնալ ղարաբաղյան կողմը»,- նշեց բանախոսը:
Նա նաև ընդգծեց, որ հայտարարության մեջ շեշտված է հիմնախնդիրը միայն բանակցությունների միջոցով և առանց ուժի կիրառման լուծելու անհրաժեշտության մասին: Դրանով, ըստ բանախոսի, համանախագահող երկրների ներկայացուցիչները վերահաստատում են Մադրիդյան երեք սկզբունքների համարժեքությունը և դատապարտում ուժային ցանկացած գործողություն:
Անդրադառնալով բանակցային գործընթացում պաշտոնական Բաքվի վարքագծին և հայտարարություններին, Գ. Մինասյանը նկատեց, որ դրանով Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը չի բարձրանալու:
«Ադրբեջանական կողմն, ըստ էության, դարձել է իր քարոզչության գերին: Այն քաղաքականությունը, որն այսօր վարում է Ադրբեջանի իշխանությունը, անհեռանկարային է, և այդպիսի քաղաքական էժանագին շոուներով որևէ բան փոխել չի կարելի»,- ասաց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ Սանկտ Պետերբուրգից Իլհամ Ալիևի հեռանալը և այն անհաջողությունը, որը ադրբեջանական կողմը կրեց Ալմաթիում, խոսում են հենց այդ մասին։
Ըստ պատգամավորի` Ադրբեջանի իշխանություններն աննախանձելի վիճակում են հայտնվել, քանի որ տարիներ շարունակ սեփական ժողովրդի նկատմամբ մոլորեցնող քաղաքականություն են վարել: «Վաղ թե ուշ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ արքան մերկ է»,- եզրափակեց Գ. Մինասյանը: