22/07/2010 18:06
Ալիևը վախենում է ժողովրդից. հետաձգվել է հին որոշման իրագործումը
Ադրբեջանի նախագահը որոշել է բարձր լարվածության էլեկտրագծերին, գլխավոր գազուղիներին և երկաթուղային գծերին մոտ կառուցված ապօրինի շինությունները քանդելու մասին իր նախկին որոշման իրագործումը հետաձգել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը: Այդ մասին «Ազադլըգ»-ին հայտնել է իշխանական աղբյուրը:
Այդ որոշումը Ի.Ալիևն ընդունել էր փետրվարին Ադրբեջանում առաջացած «էներգետիկ շոկից» հետո: Այն ժամանակ կառավարությունն անգամ ներկայացրել էր բոլոր այն ընկերությունների ցուցակը, որոնց թույլատրությամբ իրականացվել էին շինարարական աշխատանքները:
Ցուցակում տեղ էին գտել նույնիսկ «Ազերէներժի», «Ազերիգազ» և «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունների անունները: Որոշվել էր օրինական փաստաղթեր ունեցող շինությունների քանդման դիմաց փոխհատուցում տրամադրել, իսկ անօրինական շինությունների համար` ոչ: Որոշումը պետք է կյանքի կոչվեր մոտ ժամանակում: Սակայն, ըստ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահը որոշել է հետաձգել իր նախկին որոշումը` վախենալով նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին անտուն մնացող տասնյակ հազարավոր մարդկանց ապստամբությունից: Աղբյուրը հայտնել է, որ քանդման աշխատանքները կսկսվեն խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: