22/07/2010 14:53
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն
Բուդապեշտում հուլիսի 21-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից սպասելիքները գերազանցեց Արթուր Ալեքսանյանը (84 կգ, Գյումրի): Նա հաջորդաբար տպավորիչ հաղթանակներ տարավ ավստրիացի Քևին Ֆրանկի (12:0), շվեդ Յոհան Տոբիաս Կվարնմարկի` (8:2), ռուսաստանցի Մահմուդ Բաշիևի (երեք մրցակեսում`8:1, 0:1, 2:0), ուկրաինացի Ժան Բելենյուկի (3:0) նկատմամբ, իսկ եզրափակչում ժամանակից շուտ հաշիվները մաքրեց հարավկորեացի Սե Յոլ Լինի հետ, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով: Նորընծա չեմպիոնն անցյալի նշանավոր վարպետ, Գյումրիի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանի որդին է, աչքի է ընկնում աշխատասիրությամբ և համեստությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Այսպիսով` ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը հայրենիք կվերադառնա մեկական ոսկե և բրոնզե մեդալով:
Հուլիսի 23-ին Բուդապեշտի մարզապալատի մրցագորգերը կտրամադրվեն աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի հինգ մարզիկներին միջոցառմանը նախապատրաստել է և մրցավայր է ուղեկցել Ավետիք Վարդանյանը: