22/07/2010 15:11
Ադրբեջանի մտավորականների նամակներն անպատասխան են մնում
Բաքվի «Իբրուս» թատրոնում հունիսի 30-ին անցկացված հասարակական քննարկումների ժամանակ մասնակիցները լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին և երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիին ու Ադնան Հաջիզադեին բանտից ազատելու խնդրանքով նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը մինչ այժմ անպատասխան է մնացել:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ մտավորականների անունից նամակը ստորագրած Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովը «Մեդիաֆորում» կայքին ասել է, որ հունիսյան քննարկումներին մասնակցած մտավորականներն այդ կապակցությամբ հայտարարագիր են պատրաստում: Այնտեղ մտավորակններին անհանգստացնող բազմաթիվ հարցեր, հասարակական քննարկումներում առաջ քաշված առաջարկներ կան: Ռ.Իբրահիմբեկովի խոսքերով, հայտարարագրում ընդգծվելու է նաև նախագահին ուղղված մտավորականների նամակի անպատասխան մնալու փաստը: «Չէ՞ որ դա նախագահին ուղղված դիմում է, այն պետք է պատասխան ունենար: Երկու ամիս առաջ մի այլ հարցի վերաբերյալ կինեմատոգրաֆիստների միության անունից ևս մի նամակ եմ հղել նախագահին, որը նույնպես անպատասխան է մնացել: Երևում է` մտավորականների նամակներին չպատասխանելը պետական պաշտոնյաների մոտ ավանդույթի վերածվել»,- ասել է Ռ.Իբրահիմբեկովը: