22/07/2010 10:34
Վրաստանում կնշեն «խորհրդային օկուպացիայի օրը»
Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել կառավարության որոշումը, համաձայն որի այսուհետ երկրում փետրվարի 25-ը նշվելու է որպես «խորհրդային օկուպացիայի» օր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Աղբյուրը, սակայն, չի մանրամասնում, թե քանի՞ խորհրդարանական է կողմ քվեարկել օրինագծին:
Այդ օրը երկրի բոլոր վարչական շենքերից իջեցվելու են պետական դրոշները: Բացի այդ` հայտարարվելու է լռության րոպե:
Մեկ այլ որոշմամբ` խորհրդարանը հաստատել է կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, որով նշվելու է «ամբողջատիրության զոհերի հիշատակի օր»: Այն նշվելու է օգոստոսի 23-ին` 1939 թ-ին Մոլոտով-Ռիբբենտրոպ պակտի ստորագրման օրը:
Հիշեցնենք, որ 2006 թ-ից Թբիլիսիում գործում է «Խորհրդայի օկուպացիայի թանգարանը»` նվիրված Վրաստանի` Խորհրդային Միության կազմում եղած տարիներին, ստալինյան բռնաճնշման զոհերին ու երկրում գործող հակախորհրդային շարժումներին:
Վերջերս հայտնի է դարձել, որ Գորի քաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժված Իոսիֆ Ստալինի արձանի փոխարեն կանգնեցվելու է ստալինյան բռնաճնշման և «ռուսական օկուպացիայի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: