22/07/2010 12:44
Կոսովոյի հարցով Հաագայի դատարանն այսօր որոշում կկայացնի
Հաագայի միջազգային դատարանն այսօր կորոշի` օրինակա՞ն էր արդյոք 2008 թ. Կոսովոյի հռչակած անկախությունը։ Դատական նիստին մասնակցելու են 40 երկրների ներկայացուցիչներ, սակայն անկախության օրինականության վերաբերյալ որոշման կայացումը կախված կլինի 15 երկրների դատավորներից: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Նշենք, որ որոշման կայացման գործընթացում ներգրավված երկրներից 9-ը արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, 6-ը` հրաժարվել: Այսպես` Կոսովոն` որպես անկախ պետություն, ճանաչել են Ճապոնիան, Սիերա Լեոնեն, Հորդանանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և Սոմալին: Հրաժարվել են` Ռուսաստանը, Սլովակիան, Չինաստանը, Մարոկկոն և Բրազիլիան:
Հարկ է նշել, որ դատարանի որոշումն օրենքի պարտադիր ուժ չունի, սակայն ենթադրվում է, որ այն կարող է նախադեպային լինել այլ պետությունների համար, որոնք դեռ չունեն դե յուրե ճանաչում:
Այսպես, բրիտանական Guardian-ը նշում է, որ եթե դատարանը օրինական ճանաչի Կոսովոյի անկախությունը, նմանատիպ պահանջ կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը։
Հիշեցնենք, Կոսովոն հռչակել է իր անկախությունը 2008 թ-ի փետրվարի 17-ին: Մինչև հիմա 69 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը։