22/07/2010 16:36
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է չինական պատվիրակությանը
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարի տեղակալ Ջուն Շանի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում հուլիսի 21-ից 23-ը: Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, Զարգացման հայկական գործակալությունից:
Չինական պատվիրակության կազմում էին Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը և այլ ներկայացուցիչներ ՉԺՀ Կոմերցիայի նախարարությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, համատեղ փոխգործակցության հեռանկարային երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Հայկական կողմը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առկա հնարավորությունները:
Ներսես Երիցյանն իր խոսքում նշել է, որ, հաշվի առնելով Չինաստանի տնտեսական մեծ ներուժն ու զարգացման տեմպերը, մեծապես կարևորում է գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանակումը և տարբեր ոլորտներում Չինաստանի հետ սերտ համագործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական կապերի աշխուժացման և երկրի տնտեսական աճի ապահովման վրա:
Աղբյուրը նշում է, որ սա չինական կողմի՝ այս տարի Հայաստան կատարած արդեն երկրորդ այցն է: Ապրիլին «Շանհայ էքսպո» այցելությունից հետո նախարար Երիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ Կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ, որի կազմում էին նաև 7 գործարարներ: