22/07/2010 13:55
Շվարցենեգերը Գիբսոնին համեմատել է նավթային բծի հետ
Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դերասան Մել Գիբսոնին համեմատել է Մեքսիկական ծոցի նավթային բծի հետ։ Այս մասին հայտնում է KCRA -ն:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտնվել էր նոր սկանդալային տեսանյութ` Գիբսոնի և նրա նախկին ընկերուհի Օկսանա Գրիգորևայի մասնակցությամբ։ Այդ ձայնագրության մեջ Գիբսոնը սպառնում է նախկին ընկերուհուն սպանությամբ, անվանում նրան մարմնավաճառուհի, իսկ աֆրոամերիկացիներին` «նիգեր»:
Ելույթ ունենալով կալիֆորնիացի պաշտոնյաների առջև՝ Շվարցենեգերը հայտարարել է, որ երկու նորություն ունի ներկաների համար՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։ Ըստ նահանգապետի՝ լավ նորությունն այն է, որ BP ընկերությունը վերջապես գտել է Մեքսիկական ծոցում նավթային բիծը չեզոքացնելու ձևը։
«Սակայն ոչ ոք այդպես էլ դեռ չի մտածել Մել Գիբսոնի «դեմն առնելու» մասին»,- ասել է Շվարցենեգերը՝ ակնարկելով բազմիցս հասարակական կարգը խախտած և այդպես էլ պատասխանատվության չենթարկված ավստրալացի դերասանի բարդ բնավորությունը։
Նշենք, որ Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նայրոբը դրականորեն է ընդունել Շվարցենեգերի հեգնական դիտարկումը՝ գոհունակություն հայտնելով, որ նահանգապետը պահպանում է հումորի զգացումը։ Միաժամանակ Նայրոբը ենթադրություն է արել, որ նման հայտարարությամբ Շվարցենեգերը իր համար շոուբիզնես վերադառնալու ճանապարհ է հարթում։