22/07/2010 14:47
Ջավախքում կրճատվել են հայերենին հատկացված դասաժամերը
«Նոր բռնաճնշումներ ու ռեպրեսիաների նորագույն մեթոդներ են կիրառում վրացական իշխանությունները` տարածաշրջանը հայաթափելու, վախի մթնոլորտ սերմանելու և տեղական հայ ժողովրդի ազգային դիմագիծը խեղելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Ըստ Շ. Թորոսյանի` Թբիլիսիում Ջավախքի դպրոցների համար դասաժամերի բաշխման նոր ծրագիր է մշակավել, որի համաձայն` հայերենի դասաժամերը Ջավախքի հայկական դպրոցներում հասցվել են նվազագույնի: Նրա խոսքերով, նոր ծրագրով հայերենի համար հատկացվել է 5 անգամ քիչ դասաժամ, քան Խորհրդային Միության շրջանում:
«Հայ երեխան սովորելու է հայկական դպրոցում, բայց ամենաքիչ ժամաֆոնդը հատկաված է հայերենին: 12-րդ դասարանի ավարտական քննությունների մեջ մայրենի լեզվի քննությունը չկա, հանված է, ինչը նշանակում է` նախ քամահրանք մայրենիի նկատմամբ, ապա, որ երեխաները լուրջ չվերաբերեն առարկային, չպատրաստվեն քննությանը»,- մանրամասնեց Շ. Թորոսյանն ու ընդգծեց. «Երևույթն ինքնին շատ տգեղ ու խոսուն է, և նպատակ ունի արմատախիլ անել հայերենը` որպես տարածաշրջանի մայրենի և հաղորդակցման լեզու»:
Պատգամավորի խոսքերով, նախքան այս` վրացական իշխանությունները որդեգրել էին վրացերենն ամրապնդելու քաղաքականություն, ինչը բնական է, սակայն այդ քաղաքականությունն իրականացնում են հայերենը ոչնչացնելու հաշվին:
«Մինչդեռ մենք պայքարում ենք, որ տարածաշրջանում հայերենը ճանաչվի` որպես երկրորդ պետական լեզու, ինչը բխում է և’ միջազգային պրակտիկայից, և’ ազգային փոքրամասնությունների իրավունքների իրավական նորմերից` ինչպես Եվրախորհրդի ազգային փոքրամասնություններին առնչվող շրջանակային կոնվենցիայից, ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդերի իրավունքների դեկլարացիայից, այնպես և ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած իրավական փաստաթղթից»- ամփոփելով իր խոսքը` նշեց Շ. Թորոսյանը: