22/07/2010 15:47
Վրացական սև ցուցակում են հայտնվել Ջավախքի հայ ուսուցիչները
Բացի այն, որ վերջին փոփոխությունների համաձայն այսուհետ Ջավախքի հայկական դպրոցներում կրճատվելու են հայերենի դասաժամերը, Թբիլիսիի հատուկ ծառայությունների կողմից կազմվել է Ջավախքի հայ մանկավարժների սև ցուցակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Սև ցուցակում ընդգրկված են, հիմնականում, պատմություն ու հայոց լեզու դասավանդող ուսուցիչների անունները, և բոլոր այն մարդկանց, ովքեր հայապահպանությանը միտված գործունեություն են ծավալում տարածաշրջանում, այն մանկավարժներինը, ովքեր ապրում են` որպես հայ, և աշակերտների շրջանում քարոզչություն են իրականացնում առ այն, որ հայերենը, ազգային դիմագիծը պահելն անհրաժեշտություն է»,- մանրամասնեց Շ. Թորոսյանը:
Պատգամավորը հայտնեց նաև, որ դպրոցներից հեռացված մանկավարժները զրկվել են նաև հնարավորությունից` աշխատելու Վրաստանի մյուս դպրոցներում: Ի պատասխան ուսուցիչների պահանջին` բացատրություն ներկայացնել, թե ինչու՞ են իրենք ազատվել աշխատանքից, իշխանություններն ասում են. «Պատճառը փնտրեք ձեր մեջ և բողոքեք ուր որ կցանկանաք, միևնույն է` դուք այլևս չեք աշխատելու»:
«Այս ամենը միտված է հայկական ազգային դիմագիծը խեղելուն և վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելուն` բոլոր այն մարդկանց համար, ովքեր կփորձեն հայկական ինքնության տեսանկյունից հանդես գալ»,- ասաց Շ. Թորոսյանը և ընդգծեց. «Այժմ Ջավախքում ավելի սարսափելի համակարգ է, քան Բերիայի ու Ստալինի համակարգն էր. մարդիկ վախենում են շփվել, արտահայտվել, իրենց հայ ինքնության մասին բացահայտ խոսել»:
Մյուս կողմից` Շ. Թորոսյանը նշեց, որ չեն իրականացվում նաև Վրաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ նրա` չնայած ձեռք էր բերվել միջկառավարական համաձայնություն, որով թույլատրվելու էր Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչներին ևս վերապատրաստում անցնել Հայաստանում, սակայն Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արդեն ընթանում է` առանց Ջավախքի ուսուցիչների:
«Վրացական կողմը հայտարարել է, թե, իբր, այդ վերապատրաստումը կկազմակերպվի տեղում, բայց թե ի՞նչ հիմունքներով, ինչպե՞ս, ի՞նչ մասնագետներով են վերապատրաստվելու, շատ դժվար է ասել: Փաստը է այն, որ նրանք զրկված են այստեղ վերապատրաստվելու իրավունքից»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Շ. Թորոսյանը: