23/07/2010 10:44
«ՆԱՏՕ-ն թույլ չի տա ծայրահեղականներին տապալել Աֆղանստանը»
ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա ծայրահեղականների տապալել Աֆղանստանի կառավարությունը: Այս մասին, ըստ «Իտառ-Տասս» գործակալության, տեսաուղերձ է հղել այս օրերին Քաբուլում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա մասնավորապես ասել է, որ ՆԱՏՕ-ն չի լքի Աֆղանստանն իր առաքելության ժամկետի ավարտից հետո և կշարունակի աֆղան ժողովրդին աջակցություն ցուցաբերել, մինչև որ վերջնականապես համոզված չլինի, որ տեղական իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն ղեկավարել երկիրը:
«Այստեղ` շուկայում, ես բազմաթիվ մարդկանց հանդիպեցի և հարցրեցի նրանց, թե որն է նրանց ամենամեծ երազանքը: Նրանք միաբերան պատասխանեցին` «մենք խաղաղություն, անվտանգություն և կայունություն ենք ուզում»: Հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն այսօր Աֆղանստանում է: Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի «Թալիբանն» իր համար այստեղ ապահով օրրան ստեղծի: Մենք երբեք չենք զոհաբերի մարդու հիմնարար իրավունքները` այդ թվում` կանանց»,- մանրամասնել է Ռասմուսենը:
Հիշեցնենք, որ Քաբուլում օրեր առաջ ավարտված Աֆղանստանի հարցերով միջազգային կոնֆերանսի ժամանակ երկրի նախագահ Համիդ Կարզայը հայտարարել էր, թե արդեն 2014 թ-ին ազգային ծրագրերի իրականացման և անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը կարող է փոխանցվել աֆղանական կողմին: