23/07/2010 16:34
Ադրբեջանը պատրաստվում է ընտրությունների. Ներիշխանական գզվռտոց
Նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին Ադրբեջանում ներիշխանական լուրջ խմորումներ են սկսվել: Այդ մասին «Ազադլըգ»-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը:
Աղբյուրի տեղեկություններով, խորհրդարանում ավելի շատ ներկայացվածություն ձեռք բերելու համար տարվող պայքարում ներիշխանական խմբավորումները մտադիր չեն զիջումների գնալ միմյանց հանդեպ: Այդ պատճառով, կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը մինչ այժմ չի կարողացել ճշգրտել իր թեկնածուների ցանկը: «Կառավարող կուսակցության ներսում դրությունը շատ լարված է:
Ընտրարշավները և քարոզչությունը ֆինանսավորող օլիգարխները պահանջում են հաշվի առնել իրենց շահերը: Եթե օլիգարխների շահերն անտեսվեն, խորհրդարանական ընտրություններում դիմակայությունն անխուսափելի կդառնա և կվերածվի բաց հակամարտության: Ներիշխանական խմբավորումները միմյանց դեմ կոմպրոմատային պատերազմ կսկսեն»,- եզրահանգել է աղբյուրը:
Ադրբեջանական մամուլում արդեն սկսել են օլիգարխ պաշտոնյաների դեմ հրապարակումներ տպվել: Օրինակ, օրերս «Ազերբայջան» թերթը տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին քննադատող հոդված է հրապարակել, որտեղ խոսել է մայրաքաղաքում տրանսպորտի բնագավառում տիրող քաոսի մասին և մեղադրել նրան` սոցիալական պայթյունի համար հող պատրաստելու մեջ: «Զիյա Մամեդովը խորհրդարանում ավելի շատ ներկայացվածություն ձեռք բերելու համար պայքարող պաշտոնյաներից է և այդ պայքարում ամենաուժեղ հակառակորդ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ նրա հարաբերությունները խիստ լարված են: Հնարավոր է` Մեհդիևը շանտաժի միջոցով ցանկանում է հետ պահել նրան հավակնություններից: Եթե դա տեղի չունենա, Ռամիզ Մեհդիևի վերահսկողության տակ գտնվող իշխանամետ ԶԼՄ-ներն ավելի լուրջ քննադատական հոդվածներ կհրապարակեն Զիյա Մամեդովի դեմ»,- գրում է «Ազադլըգը»: