23/07/2010 10:29
«И ежу понятно», բայց Ադրբեջանում չեն ուզում հասկանալ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ այցելել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ ուսուցողական հանգիստ են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, այնուհետև արտգործնախարարը հանդիպել է ճամբարի մասնակիցներին և պատասխանել Հայաստանի արտաքին քաղաքականության և ԱԳՆ գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցերի:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին` Հայաստանի արտգործնախարարը կրկնել է մինչ այդ ասվածը` Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարությունում հղում է կատարվում Լ’Ակվիլայում անցյալ տարի և այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից արված հայտարարություններին և դրանց մեջ պարունակվող դրույթներին, և ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, երեք սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:
«Կարևորն այն է, որ նշվում է` չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին և դրույթներին, չի կարելի գերակայել դրանց մի մասը մյուսների հանդեպ, որոնք մշակվել են որպես ամբողջական և միասնական առաջարկ: Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մուսկոկայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա եռանախագահող երկրները շատ պարզ և բաց ձևով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է և չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»,- փաստել է նախարար Նալբանդյանը:
Նկատենք, որ նշված հայտարարության մեջ նաև նշվում է հունիսի 18-19-ի ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի, ադրբեջանական այլ գործողությունների, քայլերի ու հրահրիչ հայտարարությունների մասին: Կարևորվում է հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը:
«Պարզ է` ում են ուղղված այդ ուղերձները: Ռուսերեն մի լավ ասացվածք կա «и ежу понятно»: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները միտումնավոր ականջների մեջ խցան են դրել և չեն ուզում լսել, թե ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին մեղադրում են, ձևացնում են, որ իրենք կառուցողական են: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ մեկ չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ»,- նկատել է արտգործնախարարը: