23/07/2010 12:13
Քլինթոն. Կոսովոն անկախ պետություն է, իսկ նրա տարածքը` անձեռնմխելի
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ ողջունում է Հաագայի Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոյի հարցով:
«Դատարանը որոշում է կայացրել և համաձայնել Միացյալ Նահանգների այն դիրքորոշման հետ, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին: Կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ընդունել Կոսովոյի անկախությունը, ճանաչել այն»,- ասված է Քլինթոնի հայտարարության մեջ:
Ըստ Պետքարտուղարի` Կոսովոն անկախ պետություն է, իսկ նրա տարածքը` անձեռնմխելի: Նա նաև հորդորել է երկրներին պաշտպանել Կոսովոյի ներկա կարգավիճակը և աջակցել Բալկաններում կայունության և խաղաղության ամրապնդմանը
«Սերբիան և Կոսովոն ԱՄՆ գործընկերներն են: Այժմ ժամանակն է, որպեսզի նրանք մի կողմ դնեն իրենց տարաձայնություններն ու շարժվեն առաջ` աշխատելով միասին ու կառուցողական` լուծելու առկա խնդիրները, բարելավելու ժողովուրդների կյանքը ոչ միայն Սերբիայում և Կոսովոյում, այլև ողջ տարածաշրջանում»,- ասված է Քլինթոնի հայտարարության մեջ: