23/07/2010 16:04
Ր. Հովհաննիսյան. Մենք քաղաքականություն խաղացինք
Հայասատանի վարած ճիշտ քաղաքականության դեպքում ԼՂՀ-ի անկախության ճանաչման վրա իր դրական ազդեցությունը կարող է ունենալ Հաագայի դատարանի որոշումը` Կոսովոյի վերաբերյալ։ Այսօր նման դիրքորոշում հայտնեց լրագրողներին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար, ըստ Հովհաննիսյանի, դեռ ուշ չէ, և Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը.
«Այժմ հասանք նրան, որ միջազգային դատարանը խորհրդատվական դատավճիռ արձակեց։ ԼՂՀ հարցը մնաց ուշացած իրավիճակում։ Եվ սա մեր մեղքով է»,- ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ Հայաստանը պարտավոր էր ԼՂՀ անկախությունը ճանաչել 1992-ին, «սակայն ուշացանք ու սխալվեցինք։ 1994-ին զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթ կնքելիս` անհրաժեշտ էր, որ Հայաստանն իրավական վերաբերմունք հայտներ ԼՂՀ նկատմամբ»։
Նա նշեց, որ նույնիսկ իր պաշտոնավարման ժամանակ կային պետություններ, որոնք պատրաստ էին լրջորեն դիտարկել ԼՂՀ ճանաչման հարցը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, կար այն իրողությունը, որ Հայաստանը դեռ չէր ճանաչել. «Մենք չունեցանք քաղաքական քաջություն: Եվ ակնհայտ էր, որ Արևմուտքը գնում էր Կոսովոյի ուղղությամբ, պարզ էր, որ Ռուսաստանը պետք է պատասխաներ: Մինսկի խմբի համանախագահներից ամեն մեկը ցույց տվեց, որ պատրաստ են ժողովուրդների ազգային ինքնորոշման սկզբունքը գերադասել մյուս սկզբունքներից` որպես արժեք, որպես գերակա չափորոշիչ»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Կոսովոյի հռչակումից առաջ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը Հայաստանը պետք է լուծած լիներ` թեկուզ այն խորհրդարան մտցնելով. «Մենք քաղաքականություն խաղացինք: Մենք մանր բանակցային խորամանկություններ արեցինք: Արդյունքում` ոչինչ»: