23/07/2010 10:14
«Այն, ինչից խոսում է Ադրբեջանը, հակասում է միջազգային իրավունքին»
Հաագայի միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին աննախադեպ էր: Այդ մասին «Հայլուր»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Աննախադեպ է նախ այն առումով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությանը: Դատարանը կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից», -բացատրել է Քոչարյանն ու մանրամասնել, որ ազգերի ինքնորոշումը` ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք այդ նպատակին հասնելու համար:
«Երբ կա ինքնորոշում, այդ պարագայում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնայինը հենց ազգերի ինքնորոշումն է: Այ սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,- մեկնաբանել է Շավարշ Քոչարյանը:
«Հայլուր»-ի եթերում նա մեջբերել է Հաագայի դատարանի նախագահի ելույթից մի հատված. «Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար»: Այնուհետև մեջբերել է դատարանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքից. «Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար թույլտվություն»:
«Սրանից հետո ակնհայտ է` այն ամենը, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, լիովին հակասում է միջազգային իրավունքին և երկրորդ` Միջազգային դատարանն, ըստ էության ասաց` երկու ալբանական պետություն կարող են անկախ լինել` Ալբանիան և Կոսովոն: Դրանից հետո ո՞ւր մնացին Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների խոսքերը, թե հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել, երկու պետություն ունենալ»,- եզրափակեց փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք` Հաագայի միջազգային դատարանը այսօր, հուլիսի 22–ին, որոշում է կայացրել Սերբիայից անջատվելու և միակողմանիորեն անկախություն հռչակելու մասին Կոսովոյի՝ 2008թ. փետրվարի որոշման վերաբերյալ: Ըստ այդ որոշման, Կոսովոն որևէ միջազգային օրենք չի խախտել անկախություն հռչակելով: