23/07/2010 15:17
«Հայաստանը զիջողական քաղաքականություն չի որդեգրելու»
«Ղարաբաղյան հարցում այլ լուծում որոնելու համար, ինչ տեսակի լուծում էլ այն լինի` իրավական, քաղաքական, թե ուժային, ինչպիսի նոր մեթոդաբանություն էլ կիրառվի, պետք է նշանակի նոր քաղաքականություն Հայաստանի ներսում, որովհետև այսօրվա Հայաստանը իր քաղաքական ու տնտեսական համակարգով, իր հարաբերություններով, ընդունակ չէ ուրիշ ճանապարհների վրա լուծում որոնել, որովհետև, ի վերջո, հասկանալի է, որ Հայաստանն անիմաստ զիջողական քաղաքականություն չի որդեգրելու»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Վ. Հովհաննիսյանի խոսքերով, նախ պետք է հստակ պատասխան տրվի Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա պես մտածողներին, ովքեր ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ հիմա, ասում էին` «Սերգո ջան, ախպեր ջան, լավ չես ապրի, մինչև չզիջենք, չտանք ու չպրծնենք Ղարաբաղի գլխացավանքից»:
«Նույն բանն ասում են այսօր, ով մի փոքր քաղաքական հասունություն ունի և հիշում է այն ժամանակվա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, հասկանում է, որ ասվածը բացարձակապես նույնն է, նրա համար ոչինչ չի փոխվել. չպետք է մոռանալ, որ այդ տրամադրությունները նրա մոտ էին և’ 1991, և’ 1992, և’ 1993, և’ 1994 թ-ին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը, երբ հաղթական Հայկական բանակը և Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը, հաղթելով, պարտադրեցին խաղաղություն, և Ադրբեջանն էր այն ժամանակ միջնորդներ որոնում, որ այդ զինադադարը կնքի»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Ահա այդ ժամանակ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և շատերի տրամադրություններն այսպիսին չլինեին, զինադադարի տեսքն էլ ուրիշ կլիներ, և, միգուցե, արդեն ամեն ինչ ավարտված լիներ, որովհետև զինադադրի պահին մենք կարող էինք շատ ավելին ստանալ, եթե տրամադրված լինեինք վերջնական հաղթանակի»:
Պատգամավորի դիտարկմամբ` հենց այդ պատճառով էլ հետագա բոլոր բանակցություններն ընթացել են սխալ ուղով: Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ այդ հանգամանքը չի արդարացնում հետագա բանակցություները վարողներին, որովհետև վերջիններս պետք է գոնե փորձ անեին այդ ուղղությունից դուրս գալու, մինչդեռ «մեր վզին փաթաթվեց քաղաքական ոլորտում հարցը լուծելու եղանակը, այնինչ` հարցն ամբողջությամբ իրավական էր»:
«Եվ հիմա, երբ մեր իշխանությունները փորձ են անում վերադառանալու դրան` ասելով, որ կան ուրիշ ճանապարհներ, պետք է նախ և առաջ վերագնահատել ամբողջ ճանապարը, որպեսզի հնարավոր լինի սխալները շտկել»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Վ. Հովհաննիսյանը: