24/07/2010 14:08
«Հաագայի որոշումը չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով»
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ։
«Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:
Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաև համընդհանուր նախադեպային նշանակություն և իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով:
Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին և դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:
Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու և կառուցելու, ինչպես նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում»: