24/07/2010 12:10
«ԼՂՀ պետք է վերադառնա բանակցություններին` որպես պատերազմող կողմ»
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոն անկախ միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու մասին, ավելի հիմնավոր պատճառ է դառնում, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի հետագա բանակցային գործընթացին: Այդ մասին նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել են ԼՂՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք», «Ժողովրդավարություն», Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Aysor-ի թղթակիցը:
Դաշնակցություն խմբակցությունը ներկայացնող Արմեն Սարգսյանը նշել է, որ սխալ են նրանք, ովքեր համարում են, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կամ Հայաստանը բանակցային գործընթացում պետք է ներկայացնի Արցախը:
«Մենք գտնում ենք, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների կողմ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Դաշնակցական իր գործընկերոջ խոսքերի հետ համամիտ էր նաև «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը: Նա շեշտել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ ոչ թե որպես հակամարտող, այլ` պատերազմող կողմ:
«Հայաստանը ներկայանում է որպես հակամարտող կողմ, այլ ոչ թե պատերազմող, պատերազմը եղել է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև. պետք է վերադառնալ այդ ձևաչափին»,- հավելել է արցախցի խորհրդարանականը: