24/07/2010 10:34
ԵՀՄՖ. Հաագայի դատարանի որոշումը լուրջ հարված էր Իլհամ Ալիևին
«Միջազգային դատարանի որոշումը լուրջ հարված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ հայերը չեն կարող երկու անկախ պետություն ունենալ: Այո, իրավիճակից ելնելով երկու անկախ պետություններ ունեն ալբանացիները, թուրքերը, ինչպես նաև հայերը»: Նման հայտարարությամբ է նախօրեին հանդես եկել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը:
ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքով հեռու չէ այն օրը, որ միջազգային գերտերություններն ընդունելու են Արցախի անկախության փաստը և այն հաստատվելու է նույն Հաագայի միջազգային դատարանի կողմից: «Ահա այս գործին պետք է լծվեն ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և համահայկական լոբիստական կազմակերպությունները», -հավելել է Գրիգորյանը:
Նրա խոսքով, Հաագայի Միաջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության հարցի կապակցությամբ ուղեցույց է անկախություն հռչակած բոլոր այն երկրների համար, որոնք ունեցել են Կոսովոյի համանման պայմանները:
«Այդ առումով առանձնահատուկ է Արցախի ձեռք բերած անկախությունը, քանի որ այն ընթացել է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով, և անկախացել է մի տարածաշրջան, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- նկատել է Գրիգորյանը: