24/07/2010 10:20
«Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի»
Անկախ Կոսովոյի ճանաչման գործընթացից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակելու է իր անկախության ճանաչման գործընթացը: Ինչպես Արցախի Հանրապետությունից հայտնում է Aysor-ի թղթակիցը, այս մասին նախօրեին լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ Հաագայում տեղի ունեցածը վճռական իրադարձություն էր, բայց ամենակարևորն այն է, որ դա, իրոք, անդրադառնա ԼՂՀ ճանաչման գործընթացի վրա:
Արցախի ղեկավարը նշել է, որ գոհ է Հայաստանի կողմից տարվող բանակցային գործընթացից` նկատելով, որ միջազգային հանրությունը բազմիցս գոհունակություն է հայտնել պաշտոնական Երևանի կեցվածքից ու քաղաքականությունից` ի տարբերություն Բաքվի քաղաքականության:
Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը` ԼՂՀ նախագահը նշել է, որ կարևորը ոչ թե դրա ձևաչափն է կամ այն երկրները որոնք կարող են օգնել խնդրի հանգուցալուծմանը, այլ Արցախի վերադարձն է բանակցային գործընթաց:
Խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին` նախագահը նշել է, որ դա չպետք է ինքնանպատակ լինի և չպիտի դառնա քաղաքական շահարկումների առիթ:
Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր պատասխանատվություն է ստանձնել` ներկայացնել Արցախը, և այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումն արդարացված է:
Սահակյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի հասնել բանակցությունների տրամաբանական ավարտին և բանակցային սեղանի շուրջ բերել նաև Ստեփանակերտը, ինչից հետո հնարավոր է նաև, որ Արցախի ժողովուրդը հասնի իր նպատակին:
«Մենք մոտենալու ենք դրան, համոզված եղե'ք»,- ասել է նա` նշելով, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխզիջումներին վրա. «Բայց այդ հարցում վճռորոշ է Արցախի ժողովրդի դիրքորոշումը` բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ ներկայացուցիչների մեծամասնությամբ»:
Նա նաև շեշտել է, որ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված են երկրի տարածքները, որով Լաչինն ու Քելբաջարը Արցախի անբաժանելի մասն են:
Սահակյանը նկատել է, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինեն այլ փոխզիջումների տարբերակներ: Ըստ Բ. Սահակյանի` Հաագայի որոշումը հայկական կողմի համար բանակցային գործընթացում նոր հնարավորություն է ստեղծում և ավելի իրատեսական դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:
«Սա քաղաքական իրավիճակ է»,- ասել է նա` նշելով, որ Հաագայի որոշումը հստակեցնում է ԼՂՀ հնարավոր միջազգային ճանաչման հեռանկարը: Ըստ Բակո Սահակյանի` մինչև ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն չճանաչվի, երկիրը չի կարող լիարժեքորեն ինտեգրվել միջազգային հանրությանը: