24/07/2010 13:52
Չավեսը կաջակցի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է աջակցել Հարավային Ամերիկայի երկրներում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։ Այս մասին, ըստ РБК-ի, նա հայտարարել է Կարակասում՝ ամփոփելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներ Սերգեյ Բաղապշի և Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպման արդյունքները։
«Ես վստահ եմ, որ մենք Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին կկարողանանք կառուցել ամուր հարաբերություններ Լատինական Ամերիկայի երկրների՝ Պարագվայի, Ուրուգվայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Բրազիլիայի և Արգենտինայի հետ»,- ասել է Չավեսը։
Հանդիպման ընթացքում ստորագրվել են տնտեսական համագործակցության մի շարք համաձայնագրեր։ Հիշեցնենք, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն։