24/07/2010 13:09
Վարչապետը պատմել է տնտեսական աճի վրա ազդող գործոնների մասին
Հայաստանում առկա խնդիրներից են կառավարման համակարգի անարդյունավետ վիճակը, կոռուպցիոն ռիսկերը, ստվերային տնտեսությունը և այլն: Այս մասին հայաստանյան մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը չի խուսափում այդ խնդիրների մասին խոսելուց և փորձում է ներկայացնել լուծումներ:
Պատասխանելով այս տարի գրանցված տնտեսական աճի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նախ հարցադրում է արել. «6,7 տոկոս տնտեսական աճն ի՞նչ է իրենից ներկայացնում, և, արդյո՞ք, դա առիթ է, որպեսզի ավելի համարձակ նայենք 2010թ. ցուցանիշներին և մեր գնահատականներին։ Եթե համեմատենք 2009թ. անկման հետ, ապա սա է այն հենքը, որ մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում, և առաջին հերթին պետք է արձանագրենք, որ տնտեսության բոլոր ճյուղերը, բացի գյուղատնտեսությունից, ունեն աճի միտումներ»։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա երեք հիմնական գործոն է ազդում։ Առաջին գործոնը համաշխարհային տնտեսության վիճակն է: Արդեն 2009թ. վերջին կիսամյակից համաշխարհային տնտեսությունում բարելավման միտումներ են արձանագրվել: Դա, ըստ վարչապետի, իր դրական ազդեցությունն է թողում մեր տնտեսության վրա։ Հանքահումքային արդյունաբերության ապրանքների գների աճը միջազգային շուկաներում հնարավորություն է տվել, որ այդ ոլորտի հայկական 5 խոշոր ձեռնարկությունները կարողանան ավելացնել իրենց արտահանման ծավալները և աշխատեն շահութաբեր։ «Դա չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև 2009թ. ՀՀ կառավարությունն իր օպերատիվ շտաբով որոշում կայացրեց և անհապաղ օժանդակություն ցուցաբերեց այդ ձեռնարկություններին, որոնք, մեր համոզմունքով, ժամանակավոր դժվարություն էին կրում համաշխարհային գնային կոնյունկտուրայի փոփոխության պատճառով։ Եվ այն ֆինանսական օգնությունը, որ մենք ցուցաբերեցինք մեր ձեռնարկություններին, հնարավորություն տվեց, որ նրանք չիրականացնեն կրճատումներ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ըստ նրա՝ հայաստանյան տնտեսության վրա դրական է ազդում նաև Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ նույնպես տնտեսական աճ է արձանագրվում. «Քանի որ շուրջ 1200 ձեռնարկություն ռուսական կապիտալով իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում, բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը, հարաբերությունները իրենց ռուս գործընկերների հետ էական ազդեցություն է թողում մեր տնտեսական համակարգի վրա»։
Սարգսյանի խոսքով՝ երկրորդ գործոնը ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն էին։
«Մենք գիտեինք, որ այդ քաղաքականությունը իր մակրոտնտեսական ազդեցությունը մեր համախառն ներքին արդյունքի վրա թողնելու է, և այդպես էլ տեղի ունեցավ»,- ընդգծել է նա։
Վարչապետն առանձնացրել է նաև ներհանրապետական գործոնը, մասնավորապես, մեր տնտեսավարող սուբյեկտների վարքագծային կանոնները, նրանց սպասումները, ներդրումային վարքագիծը, որոնք նույնպես իրենց դրական ազդեցությունն են թողել այս տարվա վեց ամիսների ընթացքում. «Մենք արձանագրում ենք, որ տնտեսական ակտիվություն գոյություն ունի, որի արդյունքում մենք շուրջ 35 մլրդ դրամ ավելի հարկեր ենք հավաքել ծրագրավորվածից: Դա արդեն առարկայական նվաճում է, ինչը նշանակում է, որ մեր մակրոտնտեսական կայունությունը ամրապնդվում է, և պետությունը կարող է կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները»։
Ըստ նրա՝ վերջին ամսին տնտեսական աճի դանդաղելը առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված 13,1 տոկոս անկումով, որը հիմնականում պտուղ-բանջարեղենի ոլորտին է վերաբերում և բնակլիմայական պայմաններով է բացատրվում այսօր:
Ըստ նրա՝ կառավարությունը 2011-2012թթ համար կստեղծի ֆինանսական պաշարներ, որպեսզի ապահովի երկրի մակրոտնտեսական կայունությունը: