24/07/2010 12:19
Թուրքիայում 102 բարձրաստիճան զինվորական է կալանավորվել
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման ծրագրի գործով անցնող 196 կասկածյալներից 102-ին:
AFP փոխանցմամբ` «Բալյոզի» գործի առաջին դատական նիստը տեղի է ունենալու 2010թ. դեկտեմբերի 16-ին:
102 կալանավորվածների շարքերում են «Բալյոզի» գործով անցնող Թուրքիայի առաջին բանակային կորպուսի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեքը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան և առաջին բանակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունը, ինչպես նաև ծովակալներ Քադիր Սաղդաչը, Մեհմեդ Օթուզբիրօղլուն, Մեհմեթ Ֆաթիհ Իլգերը, գեներալներ Յուրդաեր Օլջանը, Աբդուլլահ Դալայը, Իհսան Բալաբանլըն, Ալի Սեմիհ Չեթինը և ուրիշներ:
«Բալյոզի» գործով մյուս մեղադրյալների նկատմամբ դատական գործերն արդեն սկսվել են: Տարբեր մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում` զինվորականներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ:
Հիշեցնենք, որ «Balyoz» ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ և ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը` նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը:
968 էջից բաղկացած մեղադրական եզրակացությունում նշվում է, որ «Բալյոզ» հեղաշրջման նախագիծը նախապատրաստվել է 2003թ. մարտի 5-7-ը Թուրքիայի 1-ին բանակային կորպուսի մասնաշենքում 196 բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինարի ընթացքում: