26/07/2010 16:40
Ադրբեջանի տեխնիկական համալսարանից 1 մլն մանաթ է անհետացել
Ադրբեջանի տեխնիկական համալսարանի պրոռեկտորի սեյֆից 1 մլն մանաթ է գողացվել: Որտեղի՞ց այդքան գումար բուհի պրոռեկտորի մոտ և ովքե՞ր են այն տարել. այս հարցերին պատասխանել է pia.az կայքը: Վերջինս նախ նշում է, որ ընդունելության քննությունների թեսթերում լուրջ թերություններ են հայտնաբերվել. հարցերի մեծ մասի պատասխանները սխալ են գրվել, ապա` որ բարձր մակարդակի քննարկումներ են ացկացվել, և որոշվել է, որ ընդունելության քննություններում անցումային միավորները պետք է իջեցվեն, ինչը սակայն, հետո չի արվել:
Կայքին հասած տեղեկություններով, օգտվելով ստեղծված իրավիճակից, Տեխնիկական համալսարանի ղեկավարությունը թեսթերից դուրս ընդունելություն է անցկացրել և աշխատել է դա մտցնել ընդհանուր ցուցակ: Արդյունքում մոտ 70 դիմորդների հետ կապեր են հաստատվել: Յուրաքանչյուր դիմորդից 20 հազար մանաթ է պահանջվել և դրա դիմաց խոստացվել, որ նրանց նվազագույն բալերով համալսարան կընդունեն: Հավաքված փողերը պահվել է համալսարանի պրոռեկտորներից մեկի սեյֆում: Սակայն դրանք հանելուկային կերպով անհետացել են: Դեռևս հնարավոր չէ պարզել, թե ովքեր են թռցրել փողերը: Համալսարանի ղեկավարությունը հասկանալի պատճառներով իրավապահ մարմիններին չի դիմել: Հարցի հետաքրքիր կողմը նաև այն է, որ մոտ 70 ուսանողներին հնարավոր էլ չէ ընդունել համալսարան, քանի որ ոչ փողը կա, ոչ էլ անհրաժեշտ մակարդակի միավորները:
Արդյունքում միակ ելքը աղմուկ չառաջացնելու համար փողը հետ վերադարձնելն է: Բայց որտեղի՞ց: