26/07/2010 12:47
Վարչական դատարանը մերժել է գազի սակագնի վերաբերյալ ՀԱԿ-ի հայցը
ՀՀ Վարչական դատարանն այսօր մերժել է գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հայցը: Ինչպես Aysor-ին ասաց ՀԱԿ-ի հայցը դատարանին ներկայացրած փաստաբան Վահե Հովսեփյանը, իրենք պատրաստվում են Վարչական դատարանի վճիռը բողոքարկել վճռաբեկության կարգով:
«Վարչական դատարանի վճիռն իրենից ջուր ծեծոցի է ներկայացնում: Որ փաստն իրեն հարմար է եղել, այն նշել է, որը ոչ` չի նշել: Ակնհայտ է, որ վրիպումներ կան: Նրանք ամեն ջանք գործադրել են, որպեսզի պաշտպանեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ որպես համահայցվոր հանդես է եկել 7230 քաղաքացի` ստորագրելով հայցի տակ: Դատարանին ներկայացրած հայցով նրանք պահանջում են անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումը:
«ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն` ապրիլի 1-ից 1 խմ գազի գինը մինչև 10 հազար խմ սպառողների համար կազմում է 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն