26/07/2010 13:01
Պոլ Պոտի ռեժիմի գլխավոր դահիճը դատապարտվեց 30 տարվա ազատազրկման
Կամբոջայում Կարմիր կխմերների նախկին կողմնակիցներից Կանգ Կեկ Լեուն, որին անվանում են «Պոլ Պոտի ռեժիմի գլխավոր դահիճ», դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է AFP-ն:
Ի սկզբանե, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների դատարանը 67-ամյա Կանգ Կեկ Լեուին դատապարտել էր 35 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատազրկման ժամկետը նվազեցվել էր 5 տարով։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ մեղադրյալին 10 տարի ապօրինաբար պահել են նախնական կալանքի տակ` առանց դատարանի որոշման։
Պարզվել է, որ Պոլ Պոտի ռեժիմի օրոք «Հոլանդացի» մականվամբ Կանգ Կեկ Լեուն եղել է S21 բանտի պետը։ Այդ բանտում սպանվել է 20 հազար մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Հոլանդացին անձամբ է մասնակցել նրանց կտտանքներին և սպանդին: Նրա գլխավորած հաստատությունում ընդունված էր լուսանկարել կենդանի մարդկանց, ապա նրանց այլանդակված դիակները` որպես կոմունիստական ռեժիմի թշնամիների դեմ հաջող պայքարի ապացույց:
Ռեժիմի անկումից հետո Կանգ Կեկ Լեուն քրիստոնեություն է ընդունել և 20 տարի շարունակ թաքնվել ջունգլիներում՝ Խանգ Պին անվան տակ։ 1999 թ. նրան ճանաչել է բրիտանացի մի լրագրող, որից հետո նախկին բանտապետը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը և հայտարարել, որ ընդունում է իր մեղքը և ցավում իր արարքների համար։
S21-ի շենքում այսօր տեղակայված է կամբոջական Ցեղասպանության թանգարանը:
Հիշեցնենք, որ Պոլ Պոտի գլխավորությամբ կարմիր կխմերները ղեկավարել են Կամբոջան 1975-79թթ.։ Տարբեր հաշվարկներով, նրանց իշխանության տարիներին սպանվել է 1,7-ից մինչև 3 մլն «ռեժիմի թշնամի»։ Կամբոջայում արգելվել էին գրագիտությունը, օտար լեզուները, գրքերը։ Ռեժիմը տապալվել է վիետնամական զորքերի կողմից։
2003 թվականից ՄԱԿ-ի հովանու ներքո Կամբոջայում գործում են արտակարգ դատական ատյաններ, որոնք նախատեսված են հատուկ կարմիր կխմերների նախկին առաջնորդների դեմ դատական գործերի քննման համար: Կանգ Կեկ Լեուի նկատմամբ ռազմական տրիբունալն առաջինն էր այդ գործընթացներից: