26/07/2010 12:08
Կոսովոն 2011 թվականին ՄԱԿ-ի անդամության հայտ է ներկայացրել
Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն հայտարարել է, որ իր երկիրը 2011 թ. ՄԱԿ–ի անդամակցության հայտ կներկայացնի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պրիշտինայի ներկայացուցիչները կարծում են, որ մինչև սեպտեմբեր` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի բացումը, Կոսովոյի անկախությունը կճանաչեն ևս մի քանի տասնյակ երկրներ: Այս կապակցությամբ Կոսովոյի իշխանությունները երկրի անկախության աջակցության համաշխարհային քարոզարշավ են սկսել։ Պրիշտինան Կոսովոյի անկախությունը պաշտոնապես ճանաչելու խնդրանք կուղարկի 121 երկիր։ Կոսովոյի արտգործնախարարը շաբաթվա վերջին կայցելի Միացյալ Նահանգներ, որտեղ ավելի քան 60 հանդիպում կունենա։
Կոսովոյի խորհրդարանը ուրբաթ ընդունել է հռչակագիր, որում ասվում է, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը, որով Կոսովոյի հռչակած անկախությունը օրինական է ճանաչվում, նոր հնարավորություններ է ստեղծում Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման, ինչպես նաև` տարածաշրջանային և եվրատլանտյան կառույցներին` Պրիշտինայի ինտեգրման համար։
Փաստաթղթում չի բացառվում նաև Բելգրադի հետ Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Իր հերթին, Սերբիան համարում է, որ Կոսովոյի հարցը դեռ փակված չէ, և հայտարարում, որ շարունակելու է հետամուտ լինել իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը։