26/07/2010 11:19
Պենտագոնում մանկական պոռնոգրաֆիայի սիրահարներ են աշխատում
ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցները ինտերնետից մանկական պոռնոգրաֆիա են ներբեռնել։ Այս մասին գրում է The Boston Globe–ը, որի տրամադրության տակ է հայտնվել մոտ 50 էջանոց մի փաստաթուղթ, որը վերաբերում է այդ դեպքերի հետաքննությանը։
Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ պաշտպանության նախարարության և հետախուզության աշխատակիցների կողմից մանկական պոռնոգրաֆիայի ներբեռնման մասին գործի հետաքննությունն ընթանում է արդեն մի քանի տարի` սկսած 2002 թվականից։ Այդ ընթացքում տասնյակ դեպքեր են բացահայտվել, երբ զինվորականները կամ հետախույզները մանկական պոռնոգրաֆիա են ներբեռնել և պահել իրենց աշխատանքային համակարգիչների մեջ, ինչը հետապնդվում է օրենքով։
Չնայած այն հանգամանքին, որ հետաքննությունն ունի բավարար հիմքեր ենթադրելու, որ Պենտագոնի աշխատակիցները մանկական պոռնոգրաֆիա են ներբեռնել, աղբյուրը նշում է, որ ակնհայտ է, որ ոչ բոլոր գործերը կհասնեն մինչև դատարան: Բանն այն է, որ որոշ դեպքերի հետ կապված` բավարար ապացույցներ չկան, որոշ դեպքերում էլ հետաքննական մարմինները չեն կարող հստակ պարզել դիտված նյութերի բովանդակությունը:
Այս ընթացքում մի քանի մարդ այս գործով արդեն պատասխանատվության է ենթարկվել։