26/07/2010 14:32
Թագավորական ընտանիքն իր ալբոմն ունի Flickr-ում
Բրիտանիայի թագավորական ընտանիքի հազվագյուտ նկարներն այսուհետ հասանելի կլինեն «Flickr» ֆոտոկայքի օգտագործողների համար: Այս մասին հաղորդում է բրիտանական «Բի-բի-սի» հեռուստառադիոընկերությունը:
Կայքի այցելուները կարող են դիտել ավելի քան 600 նկար` ինչպես ընտանեկան արխիվից, այնպես էլ վերջին զարգացումներին վերաբերող ֆոտո հաշվետվություններ: Ըստ «Բի-բի-սի» տվյալների` թագավորական էջում հնարավոր է տեսնել թագուհու մանկական, արքայազն Չարլզի և ընտանիքի մյուս անդամների լուսանկարները:
«Flickr-ում» բացված էջը նվիրված է Բուքինհեմյան ամրոցի ամառային բացմանը, որն ավանդաբար իր դռները զբոսաշրջիկների առջև բացում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Երեքշաբթի օրը Լոնդոնում` թագուհու նստավայրում, բացվելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են «Flickr»-ում տեղադրված լուսանկարները:
Թագուհու ակտիվ գործունեությունն ինտերնետում սկսվել է 2007 թվականին, երբ Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ, նա «YouTube»-ում Թագավորական ալիք ստեղծեց, որպեսզի շնորհավորի Մեծ Բրիտանիայի բնակիչների տոնը:
Հաջորդ քայլը 2009-ին էր, երբ թողարկվեց թագավորական ընտանիքի նոր ինտերնետային կայքը, որում նախատեսված էին մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս նույնիսկ էլեկտրոնային նամակ ուղարկել թագավորական ընտանիքի ցանկացած անդամի:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, 84-ամյա թագուհու վրա մեծ ազդեցություն ունեն իր թոռները` Ուիլյամն ու Հարին, ովքեր էլ ծանոթացնում են տատիկին ինտերնետի հնարքներին: