26/07/2010 15:19
Նիկոյան. Տեր-Պետրոսյանը փորձում է հեռանա՞լ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին հայտարարությունները բավական տհաճ էին այն առումով, որ երկրի առաջին նախագահը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ապագային բավականին հոռետեսորեն է նայում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` մեկնաբանելով ՀՀՇ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ համագումարի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող զարգանալ առանց ԼՂ խնդրի և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման:
«Լևոն Տեր–Պետրոսյանը ևս մեկ անգամ ասաց, որ «եթե ուզում ենք լավ ապրել, պետք է Լեռնային Ղարաբաղը հանձնենք»։ Սա, իհարկե, ինձ համար բավականին ցավալի էր»,– ասաց Նիկոյանը՝ նշելով, որ նման հայտարարությունները մեծ ոգևորություն են առաջացնում Ադրբեջանում, բացի այդ` դա «Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն է»։
Ըստ պատգամավորի` առաջին նախագահի նման հայտարարությունները կարող են այլ նպատակ ունենալ և ուղղված լինել, առաջին հերթին, իր շրջապատին։
«Սա 12 տարի առաջվա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի շարունակությունն է, և կարելի է այս ելույթի անունը դնել «կապիտուլյացիա»։ Ե’վ այն ժամանակ, և’ հիմա դա ուղղված է իր շրջապատին։ Ասում է՝ «ես էսպես եմ մտածում, էսպես եմ տրամաբանում, դուք ուրիշ բան եք ուզում, ես ուզում եմ գնալ թոշակի, ուղարկեք ինձ թոշակի, ինձանից ակտիվ գործողություններ մի պահանջեք, ես այսպես եմ մտածում, ինձ հեռացրեք քաղաքականությունից»,– իր տեսակետը պարզաբանեց Ս. Նիկոյանը` կարծիք հայտնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է իր շրջապատին`ակտիվ քաղաքականությունից հեռանալու համար վերջիններից օգնություն ստանալու ակնկալիքով:
Ըստ ՀՀԿ ներկայացուցչի` հակառակ դեպքում` պետք է մտածել, որ առաջին նախագահն իր ելույթով նպատակ է ունեցել կանխամտածված ուժեղացնել Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը։