26/07/2010 15:56
Թուրք ցուցարարները հարձակվել են իսրայելցի վոլեյբոլիստուհիների վրա
Սերբիայի ազգային հավաքականի հետ խաղին մասնակցելու համար Թուրքիա ժամանած իսրայելցի վոլեյբոլիստուհիները հարձակման են ենթարկվել: Ինչպես հայտնում է Haaretz-ը, Պաղեստինի դրոշներով մի քանի հարյուր ցուցարարներ հարձակվել են մարզուհիներին տեղափոխող ավտոբուսի վրա: Իսրայելցիներից ոչ ոք չի տուժել, սակայն իշխանությունները ստիպված են եղել սահմանափակել երկրպագուների մուտքը մարզադահլիճ:
Ըստ Jerusalem Post-ի` ցուցարարները բողոք էին արտահայտում Թուրքիայի դրոշի տակ Գազայի հատված ուղևորվող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի առնչությամբ: Մինչ այս միջադեպը Թուրքիան մի քանի անգամ հետաձգել էր հանդիպումները Թուրքիայի և Իսրայելի վոլեյբոլի կանանց հավաքականների միջև: Նշված խաղն անցկացվում էր Թուրքիայում ընթացքող Եվրոպայի կանանց վոլեյբոլի առաջնության շրջանակներում, ընդ որում` Սերբիայի հետ խաղն առաջինն էր մրցաշարում: