27/07/2010 10:44
Իսլանդիայի ԵՄ անդամագրման բանակցությունները` հուլիսի 27-ից
ԵՄ 27 անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհուրդը երեկ հաստատել է հուլսի 27-ը` որպես Իսլանդիայի` ԵՄ անդամագրման բանակցությունների մեկնարկի օր: Նախարարները նաև հաստատել են համապատասխան արարողակարգը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Եվրոպական հանձնաժողովի առաջարկը` բանակցություններ սկսել Իսլանդիայի հետ, հուլիսի 7-ին հաստատել էր ԵՄ խորհրդարանը: Հունիսին այդ նույն առաջարկը հավանության էր արժանացել ԵՄ 27 անդամ-պետությունների կառավարությունների կողմից:
Սպասվում է, որ բանակցությունները կտևեն 12-18 ամիս, իսկ բանակցությունների «դոսյեն» ներառում է ավելի քան 35 հոդված:
Նշենք, որ Իսլանդիայի բնակչությունը շուրջ 320 հազար է: Երկիրը սնանկության եզրին է հայտնվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով: