27/07/2010 13:28
Հավակնորդների մրցաշարը կկայանա Կազանում
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում, որը կայացել է նորվեգական Տրոմսեում, հայտարարվել է, որ 2011 թ. աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը կայանալու է Կազանում, չնայած որ դրան ակտիվորեն ընդդիմացել են ադրբեջանական կողմը և բուլղարացի Վեսելին Տոպալովը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ մրցաշարն անցկացվելու է Բաքվում, սակայն այն բանից հետո, երբ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվեց մեկնել Բաքու, ՖԻԴԵ-ն փոխեց իր որոշումը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի հետ նախկին պայմանավորվածությունները` որոշվել է պահպանել այդ երկրի լրացուցիչ թեկնածուին` Շահրիյար Մամեդյարովին»,- ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:
Բացի Մամեդյարովից, ութնյակում հայտնվել են նաև Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և Գատա Կամսկին (ԱՄՆ):
Իլյումժինովն աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովին կոչ է արել վերանայել Ռուսաստանում չխաղալու իր որոշումը: Բայց եթե Տոպալովը, այնուամենայնիվ, որոշի չմեկնել Կազան, նրա տեղը կզբաղեցնի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում երրորդ հորիզոնականն զբաղեցրած շախմատիստը` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: