28/07/2010 16:37
Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում Թուրքիայի հետ արտոնագրերի խնդիրը
Թուրքիայի և Ադրբեջանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմը վերացնելու մասին Անկարայի` Բաքվին արած առաջարկը օդում է մնացել: Ադրբեջանի ԱԳՆ-ն դա բացատրում է դեռևս որոշակի տեխնիկական խնդիրների առկայությամբ:
«Ազադլըգը» հայտնում է, որ այս օրերին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը կրկին բարձրացրել է այդ հարցը: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը վերացվի ամենամոտ ժամանակում, և որ Անկարան սպասում է Բաքվի քայլին: Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիա մեկնող Ադրբեջանի քաղաքացիներից արտոնագիր չի պահանջվում, իսկ պաշտոնական Բաքուն դեռ պահպանում է այդ սահմանափակումը:
Թերթի այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում միանգամից լուծել Թուրքիայի հետ արտոնագրային ռեժիմը վերացնելու խնդիրը, Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Իբրահիմ Վելևը դա կապել է Ադրբեջանի կառավարության` խոսքը գործից հեռու լինելու հանգամանքի հետ: «Եթե այս իշխանությունը գործեր Հեյդար Ալիևի` «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով, այդ սահմանափակումը վաղուց վերացված կլիներ: Նշանակում է` Բաքվում անկեղծ չեն և Թուրքիային չեն դիտարկում որպես եղբայր պետություն»,- ասել է նա:
Ի.Վելիևի խոսքերով, ընդհանուր հետաքրքրություններ ունեցող երկրների միջև մուտքի արտոնագրային սահմանափակումներ չպետք է լինեն: «Թուրքիայի և Ադրբեջանի միջև հակասական շահեր չկան: Անկարան մշտապես և ամենուր պաշտպանում է Բաքվի շահերը: Իսկ այս պարագայում Ադրբեջանի կառավարության դիմակայությունն անհասկանալի է: Իրականում, պետք է Անկարան երկյուղեր, որ արտոնագրային ռեժիմի վերացմամբ` գործազուրկ և աղքատ ադրբեջանցիները կգրոհեն Թուրքիա: Բայց Թուրքիան դրանից չխորշեց, իսկ Ադրբեջանի կառավարությունը` հանրությանն անորոշ պատճառներով, հարցն արհեստականորեն ձգձգում է»,- ասել է Ժողճակատի փոխնախագահը: