28/07/2010 13:39
Մահափո՞րձ «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի»-ի ֆինանսական տնօրենի դեմ
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ընկերության վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետևի անվադողի հարևանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված էր «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված էր սռնուց: Նռնակի առկայության մասին ահազանգ ոստիկանության Կապանի բաժնում ստացել են հուլիսի 26-ին ժամը 14:00-ին:
Նույն տեղեկատվության համաձայն` նռնակը վնասազերծվել է դեպքի վայր հրավիրված ՀՀ ՊՆ սակրավորների կողմից:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: